«Ոսկան Երևանցի» տպագրատունը հին ավանդույթներ ունեցող տպարաններից է: Այն Երևանի N 3 տպարանի իրավահաջորդն է և պատահական չէ, որ տպարանը վերանվանվել է միջնադարի հայ խոշոր տպագրիչ, գրահրատարակիչ Ոսկան Երևանցու անունով, որը առաջւն անգամ հայերեն հրատարակել է Աստվածաշունչը: Տպագրատունը եզակի արտադրահրատարակչական համալիր է, որը գործում է ամբողջական շրջափուլով՝ ձեռագրից մինչև փաթեթավորում: Ունի տպագրական-հրատարակչական գործի բազմամյա փորձ և բարձրորակ արտադրանք թողարկելու հարուստ ավանդույթներ: «Ոսկան Երևանցի» հովանավորությամբ և պետական պատվերով լույս են տեսել բազմաթիվ գեղարվեստական և մասնագիտական գրականություն: Բարձրորակ համակարգչային դիզայնը հնարավորություն է ընձեռում արվեստին և ճարտարապետությանը նվիրված նրբաճաշակ արժեքավոր գրքերի և ալբոմների հրատարակումը: «Ոսկան Երևանցի» մեկ անգամ չէ, որ մասնակցել է մեր հանրապետությունում և արտերկրում կազմակերպված գրքի միջազգային ցուցահանդեսներին: 2000թվականին Իսպանիայում (Մադրիդ) <<Ոսկան Երևանցի>> տպագրատուն-հրատարակչությունը արժանացել է Որակի համաշխարհային ասոցիացիայի <<Ոսկե Աստղ>> միջազգային մրցանակին: